<Մարդամեջ> սոցիալական նորարարական ճամբարի ներկայացումը Վանաձորում
Հոկտեմբերի 20-ին Վանաձոր Ինֆոտանը տեղի ունեցավ <Մարդամեջ> սոցիալական նորարարության ճամբարի ներկայացումը, որին ներկա էին Վանաձոր քաղաքի ակտիվ երիտասարդներ: Հանդիպման ընթացքում լուսաբանվեց ծրագրի էությունը, նպատակները, մասնակցության կարգը: Ինչպես կարելի է կռահել ծրագրի անվանումից, այստեղ կարևորվում է երիտասարդների նորարարական միտքը, նախաձեռնողականությունը, սրտացավությունը համայնքային և առհասարակ սոցիալական հիմնախնդիրների հանդեպ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ներկայացնել գաղափարներ, առաջարկներ, որոնցից լավագույն 6-ը կդրվեն քննարկման և մշակման նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայանալիք 3-օրյա ճամբարի ընթացքում: Արդյունքում լավագույն գաղափարներն ու արդեն իսկ մշակված նախագծերը կֆինանսավորվեն ու կյանքի կկոչվեն:
Հանդիպման երկրորդ հատվածում խմբային աշխատանքի արդյունքում երիտասարդները փորձեցին բարձրաձայնել սոցիալական խնդիրներ և դրանց լուծման տարբերակներ` օգտագործելով թվային տեխնոլոգիաները: Մասնավորապես գաղափարները վերաբերում էին քաղաքի անտեսված այգիներում wifi գոտիների ստեղծման, մարդու իրավունքների մասին տեղեկատվության բարձրացման, համացանցում աշխատանքային ռեսուրսների տվյալների բազա ստեղծելու, ազատ տնտեսական գոտիների ստեղծման և երիտասարդության սեռական դաստիարակության խնդիրներին:
Րոպեական ծնված գաղափարներն ու դրանց իրականացման համար առաջարկվող լուծումները բավականին հետաքրքրիր էին և լուրջ մշակման դեպքում կարող են արժեքավոր նախագծեր դառնալ: Սա վառ ապացույց է, որ սոցիալական նորարարության ճամբարը արդյունավետ է ի սկզբանե և որ օգտագործելով ակտիվ, բանիմաց, կրեատիվ մտածողությամբ երիտասարդության ներուժը` կարող է հասնել լուրջ արդյունքների:
Комментарии
Отправить комментарий