Ի՞նչ է ԳՄՕ֊ն. վնաս առողջությանը, թե՞ Երկիր մոլորակի ապագան

1940ական թվականներից սկսած՝ գիտատեխնիկական հեղափոխությունը մտել է մեր կյանք՝ ուղղակի գլխիվայր 180 աստիճանով շրջելով այն: Իհարկե, դրանում իր մեծ դերն ունի նաև գենային ինժեներիան: Այն գեների՝ բջջից առանձնացման և մանիպուլյացիաների ենթարկման, այլ օրգանիզմների մեջ ներմուծման մեթոդների և տեխնոլոգիաների ամբողջությունն է: 1972թ.-ից, երբ Պոլ Բերգն առաջին անգամ իրար միացրեց գեներ, որոնք բնության մեջ իրար հետ երբեք չէին միանա, կենսատեխնալոգիան գրանցեց նոր ձեռքբերում, որը մինչ այսօր ծայրահեղ տարբեր կարծիքների և թեժ քննարկումների տեղիք է տալիս: Խոսքը գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) մասին է:

Գենետիկորեն մոդիֆիկացված են համարվում այն օգանիզմները, որոնց գենոտիպը արհեստականորեն փոփոխվել է՝ նրան ուրիշ հատկություններ հաղորդելու համար: Ի տարբերություն սելեկցիայի ավանդական տեսակներին, այս դեպքում մարդն ինքն է ընտրում, թե կոնկրետ ինչ արդյունք է ստացվելու, այսինքն՝ պրոցեսն ամբողջովին կառավարելի է: Ներկայումս ԳՄՕ-ներ ստանալու հիմնական եղանակը տրասգեններ օգտագործելն է: Տրանսգենը ԴՆԹ-ի այն հատվածն է, որը մի օրգանիզմից տեղափոխվում է մյուս օգանիզմի ԴՆԹ-ի մեջ, որը  նոր որակներ է առաջացնում օրգանիզմի մոտ: Օրինակ՝ կարտոֆիլի մեջ ներդնում են այնպիսի գեներ, որոնք նրան դարձնում են ավելի դիմացկուն վնասատու միջատների հանդեպ: Կամ էլ բրինձը մոդիֆիկացնելու արդյունքում հարստանում է այնպիսի վիտամիններով, որոնք շատ կարևոր են մարդու համար:
Նկարը՝ Sci-One

ԳՄՕ-ի վերաբերյալ մարդիկ ունեն տարբեր, շատ հաճախ խիստ հակասական կարծիքներ: Երկու բանակներն էլ՝ և՛ դեմ, և՛ կողմ, մեծ են:
ԳՄՕ-ների կողմնակիցները նշում են, որ այս օրգանիզմների ստացումը կառավարվող պրոցես է, մարդը գիտի, թե ինչ է ստանալու, կարող է հետևել ամբողջ ընթացքին: Այն ավելի քիչ ժամանակատար և ծախսատար է, քան սովորական սելեկցիան: ԳՄ օրգանիզմները դիմակայուն են վնասակար միջատների, հողային և կլիմայական վատ պայմանների նկատմամբ, հետևաբար ավելի շատ բերք են տալիս և ավելի քիչ ծախս պահանջում իրենց խնամելու համար: Ինսուլինը, որը օգտագործում են շաքարային դիաբետ ունեցող հիվանդները, ստեղծվում է տրասնգենների միջոցով: Այս ձևով ստացված սնունդը կարող է փրկել Երկիր մոլորակի օրեցօր էլ ավելի մեծ չափերի հասնող բնակչության սննդի հիմնախնդիրը: Եվրոպական շատ երկրներ խիստ հսկողություն են սահմանել այս մթերքների վրա, կարելի է ասել, «հողից մինչև ափսե» ընկած սննդի ճանապարհը ամենայն լրջությամբ ստուգվում է կառավարության կողմից:
Սակայն վերջին նշված փաստը նաև բացասական ազդեցություն ունի: Բոլոր այդ ստուգումները, մանրազնին հետազոտությունները բավականին ծախսատար են: ԳՄ օրգանիզմները երկար ճանապարհ են անցնում, մինչև ստուգվում են, ուղարկվում խանութներ և սպառվում: Ինպես նաև, ԳՄՕ-ի շուրջ ձևավորված կարծիքներն ունեն իրենց քաղաքական և սոցիալական ասպեկտները: Այն հաճախ օգտագործվում է քաղաքական ճնշումների համար: Մարդիկ քիչ են տեղեկացված կամ էլ ապատեղեկացված են:
ԳՄՕ-ին վերաբերող հարցերը Հայաստանում հիմնականում կարգավորված չեն: «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2013թ.-ից գտնվում է ԱԺ-ում, սակայն 2014թ.-ի փետրվարից առ այսօր վերջինիս ընդունման հետ կապված որևէ զարգացումներ չեն եղել: Ինչպես նաև, Հայաստանում չի աճեցվոմ ԳՄՕ սնունդ: Չնայած այս ամենին, դեպքեր են գրանցվել, երբ հայակական շուկաներում հայտնաբերել է կրկնակի մոդիֆիկացված սնունդ, որի ԳՄՕ սերմերը ներմուծվել են Հայաստան:(1) Ինչպես նաև, մեզ մոտ ԳՄՕ սոյա է օգտագործվում երշիկեղենի, կետչուպների և այլ արտադրությունների մեջ:(2)


Այսպիսով, ԳՄՕ-ն, ինչպես յուրաքանչյուր գիտական հայենագործություն, ունի իր դրական և բացասական կողմերը: Չնայած ԳՄՕ-ի՝ մինչև հիմա գրանցած դրական արդյունքների, նրա օգտակարությունը կարող է պարզ դառնալ միայն տարիներ անց, երբ ակնհայտ կլինի նրա թողած ազդեցությունը մարդկային սերունդների և բնական համակարգերի վրա:


Հոդվածն Էլեն Մանգասարյանի

Комментарии