Առողջ լինենք գոնե երիտասարդ տարիքում
Ասում են` հիվանդությունները երիտասարդացել են: Եթե նախկինում կային հիվանդություններ, որ բնորոշ էին միայն մեծահասակներին, ապա այժմ գրեթե բոլոր հիվանդությունները հատկանշական են նաև երիտասարդներին: Կարծում եմ` սա մտահոգվելու առիթ է. չէ՞ որ սա ինչ-որ սոցիալական խնդիր չէ, որ ժամանակի ընթացքում պիտի լուծվի:
Շատ երիտասարդներից եմ լսել առողջական բողոքներ: Եվ ինչպես պարզեցի, այդպիսի բողոքներ լսել է նաև Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանը: Վերջինս պատմում է, որ աճել է ինֆարկտակիր երիտասարդների թիվը: Մյուս հիվանդությունները ևս, օրինակ կապված ստամոքսի, իմունային համակարգի հետ, հաճախադեպ են դարձել:

Ինչպես նշեց պրն. Ադամյանը. <<Նայում ենք, քայլում է քսանից քսանհինգ տարեկան երիտասարդը, սակայն նրա աչքերը գունատ են, անփայլ, նա կռացած է: Նրա փրկությունը սպորտի մեջ է: Եվ կարևոր է ոչ միայն մարտարվեստով, այլև լողով, թեթևատլետիկայով զբաղվելը>>: Կարևոր է նաև մասսայական սպորտի զարգացումը, ցանկալի է արշավների հաճախելը, երիտասարդական մտածմունքեր ունենալը: Իհարկե, հասկանալի է, որ կան սոցիալական խնդիրներ, սակայն մի՞թե արշավի գնալու կամ ուղղակի ոտքով քայլելու համար անհրաժեշտ է ֆինանս:
Խնդրի մյուս մեղավորն էլ համակարգիչն է: Չէ, ավելի ճիշտ ոչ թե համակարգիչն, այլ մենք, որ երկար, շատ երկար ժամանակ ենք անցկացնում նրա առջև նստած: Վերջինիս պատճառով առաջանում է ոչ միայն հիպոդինամիայի խնդիրը: Համացանցում տեղ գտած տարբեր նյութերը (օրինակ` ազգային որևէ հարց շոշափող), վիրտուալ կյանքը խթան են հանդիսանում նյարդային համակարգի քայքայման համար:
Երևի թե յուրաքանչյուրս էլ գիտենք, որ դեպրեսիան ու սթրեսը, որ մեզ համար դարձել են անբաժան <<ընկերներ>>, յուրաքանչյուր հիվանդության սկզբնական պատճառ կարող են լինել:
Այնպես որ եկեք պայքարենք մեր առողջության, մեր երիտասարդ առողջության համար` միաժամանակ հետաքրքիր անցկացնելով մեր ժամանակը:
Սերինե Գաբրիելյան
Комментарии
Отправить комментарий