ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


2012թ. հուլիսի 13-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ Վանաձոր քաղաքում ՙՀԿ կենտրոն՚ հասարակական կազմակերպության կողմից ստեղծված ՏԻՄ վերապատրաստման ժամանակակից և գրավիչ ռեսուրսային կենտրոնի բացման արարողությունից հետո տեղի կունենա Քաունթերփարթ ինթերնեշնլի ՙՔաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության՚  ծրագրի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզի գործընկեր համայնքների առաջին համաժողովը:
Վերապատրաստման կենտրոնի բացման արարողությանը և համաժողովին մասնակցելու են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,  Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը և այլ պաշտոնատար անձինք:
Համաժողովի  ընթացքում  կամփոփվեն քաղաքացիական նախաձեռնությունների և համայնքային զարգացման ծրագրերի առաջին փուլի իրականացման արդյունքները, կքննարկվեն ձեռքբերումներն ու քաղած դասերը՝ հաջորդ փուլերը պատշաճ նախագծելու և իրականացնելու համար: Քաղաքացիական նախաձեռնությունների  և համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել Քաունթերփարթի գործընկեր համայնքներում համայնքային զարգացմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը՝  խրախուսելով սերտ համագործակցությունը համայնքի բնակիչների, քաղաքացիական ակտիվ խմբերի, համայնքային աշխատանքային խմբերի, հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ ու մասնավոր հատվածի միջև։
Քաունթերփարթի կողմից հատկացված դրամաշնորհային միջոցներով և համայնքների կողմից կատարված համաֆինանսավորմամբ գործընկեր համայնքներում մասնակի վերանորոգվել են արվեստի և երաժշտական դպրոցներ, հանդիսությունների սրահներ, բարեկարգվել են հրապարակներ, մարզադաշտ, անցկացվել է արտաքին լուսավորություն, տեղադրվել են ջեռուցման համակարգեր, աղբամաններ: Համայնքներում իրականացված բոլոր ծրագրերը ուղեկցվել են համայնքի բնակիչների, քաղաքացիական ակտիվ խմբերի  անմիջական մասնակցությամբ: Կամավորական աշխատանքը եղել է քաղաքացիական նախաձեռնությունների  և համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի շարժիչ ուժը:


Քաունթերփարթ ինթերնեշնլը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2001թ-ից։ 2010թ-ից կազմակերպությունն իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը (ՔՀՏԻԱԾ), որի նպատակն է ազգային և տեղական մակարդակներում աջակցել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին՝ ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարման խրախուսմանը զուգընթաց, ի նպաստ  ժողովրդավարական հասարակության հաստատման։

Комментарии