«Ընտրություն կա, բայց ոչ ընտրանք»․ Դիտորդական կազմակերպությունները նոյեմբերի 5-ի ընտրություններին

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված փաստաթղթերի պարզ է դառնում, որ նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար տեղական և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները պետք է դիտորդների հավատարմագրման դիմումներ ներկայացնեն ԿԸՀ-ը մինչև հոկտեմբերի 21-ը։
Սակայն կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն մինչ այժմ (հոկտեմբերի 17) դիտորդների հավատարմագրման դիմում է ներկայացրել միայն «Միացյալ առաջնորդների պալատ» ԵՀԿ-ն՝ ներկայացնելով 102 դիտորդի տվյալներ։

Ուսումնասիրելով նախորդ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու դիմումներ ներկայացրած կազմակերպությունների ցանկերը պարզ է դառնում, որ այս ընտրություններին կազմակերպությունները հետաքրքրություն չեն ցուցաբերում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Այս առընչությամբ զրուցեցինք 2012 թվականից դիտորդական առաքելություն իրականացնող  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Լիանա Հովհաննիսյանի հետ։

- Ինչու՞ այս տարի չեք դիմել ԿԸՀ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
- Այս տարի չենք դիմել ԿԸՀ մի քանի պատճառով․ նախ խոշորացվող համայնքների ընտրությունը այլևս մեծ հետաքրքրություն չի վայելում դոնորների կողմից, այսինքն ֆինանասավորում չունենք, որպեսզի մասնակցենք։ Իսկ մեր սեփական նախաձեռնությամբ չենք ցանկանում իրականացնել դիտորդական առաքելություն, որովհետև թեկնածուների քանակը, կուսակցական պատկանելիությունն ու թեկնածուների տրամադրությունը ցույց է տալիս, որ «ֆիկտիվ» ընտրություն է և չկա պայքար, չկա դիտարկելու կարիք։

- Ի՞նչ նկատի ունեք «չկա պայքար» ասելով։
- ԱԺ–ում եղած 4 քաղաքական ուժերից պայքարում են ՀՀԿ-ի մի համայնքի ղեկարավարը, մյուս ՀՀԿ ղեկավարի դեմ։ Ստացվում է ընտրություն կա, բայց ոչ ընտրանք։




Վանաձոր ԻնֆոՏան քաղլրագրողական թիմ

Комментарии