Վանաձորի ավագանու նիստերի ուղիղ հեռարձակում՝ վատ որակով
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի հոդված 16-ի 9-րդ կետով սահմանված է, որ 10․000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերն առցանց պետք է հեռարձակվեն համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վանաձոր քաղաքն ունի 80․703 բնակիչ։
Սա նշանակում է, որ Վանաձոր համայնքի ավագանու նիստերը համայնքապետարանը պետք է հեռարձակի առցանց։ Այո ավագանու նիստերը հեռարձակվում են Վանաձոր համայնքի youtube-ի պաշտոնական ալիքով, որի ակտիվ հղումը դրված է www.vanadzor.am կայքում։
Սակայն ուսումնասիրելով ուղիղ հեռարձակման որակը և ձևը պարզ է դառնում, որ ուղիղ հեռարձակման ձայնի որակը շատ վատ է, հաճախ անհասկանալի՝ համեմված աղումով։ Կա ևս մեկ խնդիր՝ ուղիղ հեռարձակումը չի միացվում ճիշտ ժամանակին, կամ անջատվում է ավելի շուտ։
Այստեղ առաջարկում ենք համոզվել վերևում բերված փաստարկներում։
2018 թվականի հուլիսի 20-ին հրավիրված էր ավագանու արտահերթ նիստ, որը հեռարձակվել է և ըստ հեռարձակման տևել է 12 րոպե 43 վրկ, սակայն նիստն իրականում տևել է 1 ժամից ավել։ Նույն նիստի մասին տեսանյութ է հրապարակել նաև Լոռի ՀԸ-ն, որը թեև մոնտաժված է, բայց նիստից բազմաթիվ մասեր ներառված են և այն տևում է 1 ժամ 2 րոպե, այստեղից պարզ է դառնում, որ հեռարձակումը կամ միացվել է ուշ՝ գրեթե նիստի ավարտին, կամ անջատվել է շուտ։ Ձայնի որակի պատճառով դժվար է հասկանալ, թե նիստի որ հատվածն է հեռարձակվել։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ավագանու մի քանի նիստերի ուղիղ հեռարձակումներ, որոնց միջոցով քաղաքացիներն ըստ օրենքի կարող են հետևել ավագանու նիստին, սակայն ինքներդ էլ կհամոզվեք, որ գրեթե չլսելի է խոսակցությունը, որ ընթանում է նիստի ընթացքում։
Մեկ խնդիր ևս կապված հեռարձակման հետ, եթե ուշադիր լինեք, բոլոր եթերների անվանումը նույնն է «Վանաձորի Համայնքապետարան/Vanadzor Municipality»։ Սա բարդացնում է հետագայում ավագանու նիստի ձայնագրության փնտրումը, քանի որ որևէ կերպ չի նշվում, որ ավագանու նիստ է, կամ թե որ օրվա ավագանու նիստն է։
Առաջարկում ենք կիրառել հետևյալ ֆորմատը՝ «Ուղիղ։ Վանաձոր համայնքի ավագանում 20․07․2018թ․ ավագանու հերթական/արտահերթ նիստ», սա կօգնի հետագայում հեշտությամբ գտնել նիստի ձայնագրությունը։
Ահա ուղիղ հեռարձակումները՝ վատ ձայնային որակով․
20․07․2018թ․ ավագանու արտահերթ նիստի ձայնագրություն
30․05․2018թ․ ավագանու հերթական նիստի ձայնագրություն
30․04․2018թ․ ավագանու հերթական նիստի ձայնագրություն
29․03․2018թ․ ավագանու հերթական նիստի ձայնագրություն
Комментарии
Отправить комментарий