Համայնքային խոշորացում. Կողմ և դեմ (ռադիոնյութ)

Ազգային Ժողովն արտահերթ նիստում ընդունեց համայնքների խոշորացման 2-րդ փուլի նախագիծը, ըստ որի Հայաստանի 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք:

Լոռու մարզում կմիավորվի 61 համայնք և ընդհանուր առմամբ կունենանք 10 խոշորացված համայնքներ:
Լոռի Բերդի համայնքապետ Խաչիկ Բալայանը դրական է վերաբերում այս ծրագրին և նշում է, որ ծրագրի հետագա ընթացքը և արդյունավետությունը կախված են ՏԻՄ աշխատանքից:
Ի տարբերություն Բալայանի՝ Հաղպատի ղեկավար Վահրամ Քառյանը դեմ է արտահայտվում համայնքների խոշորացմանը և Հաղպատ համայնքի համար անարդյունավետ է համարում ծրագրի կիրառումը:






Կան համայնքապետեր, որ նույնիսկ չեն էլ ցանկանում խոսել այս ծրագրից, պատճառն անհայտ է, ասում են՝ իրենց իրավունքն է: Օրինակ՝ Ճոճկանի համայնքապետ Արկադի Թամազյանն ընդհանրապես հրաժարվեց որևէ դիրքորոշում արտահայտել խոշորացման վերաբերյալ, միայն նշեց որ հանրային իրազեկում չի իրականացվել Ճոճկան համայնքում, ինչպես և մյուսներում:

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը համարում է, որ վարչատարածքային բաժանման օպտիմալիզացիան միտված է համայնքներում կառավարումն ավելի արդյունավետ դարձնելուն, սակայն այն չի կարող միանգամից լուծել համայնքներում կուտակված բոլոր խնդիրները: Վ. Մովսիսյանի խոսքով՝ համայնքների խոշորացումը համայնքային ծառայությունների խոշորացում ու միացում չէ, և շնորհիվ համայնքներում առկա կառավարման մարմինների միավորման` տնտեսված միջոցները կուղղվեն համայնքային խնդիրների լուծմանը:

Նյութը` «Վանաձոր Ինֆոտան» քաղ. Լրագրության թիմի

Комментарии