Խստացվում է բնապահպանական վնասներ հասցնողների պատժամիջոցները
Որոշումների կայացման գործընթացներին հասարակության մասնակցության բարձրացման համար ստեղծված «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում (www.e-draft.am) այսօր ՀՀ Բնապահպանության նախարարությունը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել վերջին շրջանում ապօրինի անտառհատման, ՀՀ կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիությունը։
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի թվով երեք հոդվածներում, մասնավորապես՝ 295, 296, 297 հոդվածներում։
295 հոդվածում նախատեսվում է «պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» նախադասությունը փոխարինել «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարերկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:
296 հոդվածում առաջարկվում է փոփոխել մի քանի մասերը, մասնավորապես․
- Առաջին մասի երկրորդ պարբերությունը՝ «պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով» շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
- Երկրորդ մասի 2-րդ կետում՝ «բնության հատուկ պահպանվող տարածքներում» նախադասությանը խմբագրել և դարձնել «բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում»։
Առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ
Վանաձոր ԻնֆոՏան քաղլրագրողական թիմ
Комментарии
Отправить комментарий