ՄԻ՞ԹԵ ԷԼ ՉԻ ԳԱԼՈՒ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԸ..


Սպիտակ վերնաշապիկ, սև շրջազգեստ, չգիտես ինչու կարմիր կոշիկներ ու նույնքան էլ կարմիր ժապավեն /երևի հատուկ համապատասխանեցված կոշիկներին/…. Այսպես առաջին անգամ մտավ դպրոց: Շուտ էր գնացել, քանի որ անհամբեր էր, ուզում էր րոպե առաջ մտնել այդ աշխարհ…Գրեթե մարդ չկար: Առաջ եկավ մի կին` բարի դեմքով, առաջին ուսուցչուհին էր, հարցրեց անունը, խնդրեց հաշվել մինչև տասը, և այստեղ ուրախությանը չափ ու սահման չկար. Վերջապես կարող էր ցույց տալ, թե ինչքան շատ բան գիտի, ու սկսեց հաշվել` մեկ, երկու երեք` մտքում ունենալով այն, որ մայրիկը նախօրոք ասել էր` <մին, էրկու, իրեք,.. չասես>, բայց այնքան տարվեց, այնքան մեծ էր իմացածը ցույց տալու ցանկությունը, որ որոշեց տասից ավել հաշվել, բայց արդեն մոռացել էր մայրիկի պահանջը. Տասնմին, տասնէրկու, տասիրեք…
Երեխաները կամաց սկսեցին հավաքվել: Բարի դեմքով կինը տարավ դասարան: Առաջին անգամ…
Այսպես սկսվեց..  նոր սոցիալական դեր ստանձնեց, կարևոր զգաց իրեն ու այդ օրից սեպտեմբերի մեկը դարձավ կարևոր օր` սպասված ու խորհրդավոր..
Ամեն տարի հատուկ սպասում էր այս օրվան ու հատուկ պատրաստվում էր…
Ու այսպես անցավ տասը տարի…Վերջին տարվա սեպտեմբերի մեկն ավելի հուզիչ էր ու խորհրդանշական. Արդեն մեծ էր զգում իրեն ու կարևոր. Առաջին դասարանցիներին ինքն էր դպրոց ուղեկցելու ու նաև գիտակցում էր, որ ուսումնական վերջին տարին է..Ու այդ տարին էլ ավելի շուտ թռավ-անցավ: Մոտեցավ ավարտը.
<Սպասի’ր, վերջի’ն զանգ, սպասի’ր գեթ մի պահ,
Քիչ էլ, մի քիչ էլ թո’ղ մանուկ մնանք…
Դու’ք դպրոցական իմ անհո’գ օրեր,
Իմ լա’վ դասագիրք, առաջի’ն իմ ՍԵՐ…
Սպասի’ր, վերջի’ն զանգ, սպասի’ր գեթ մի պահ,
Քիչ էլ, մի քիչ էլ թող մանուկ մնանք…>.
Հուզական ձայնով ասմունքում էր նա` գուցե և այդ պահին չգիտակցելով <կյանք մտնել> ասվածի իրական իմաստը:
Թվում էր, թե վերջին սեպտեմբերի մեկը դպրոցում վերջինը կլինի, բայց արի ու տես հաջորդ սեպտեմբերի մեկին, արդեն ուսանող, նա էլի հարազատ դպրոցում էր, բայց արդեն ամեն ինչ ուրիշ էր..կանգնել էր աշակերտների առաջ ու խորհուրդ էր տալիս ճիշտ օգտագործել ժամանակը: Հետո գնաց ինստիտուտ. Ի վերջո ուսանողական կյանքի առաջին օրն էր. ամեն ինչ նոր, անծանոթ, անհասկանալի..Շատ դժվարությունների հանդիպեց, շատ անարդարությունների բախվեց, բայց և հաղթահարեց, մեծ հաջողություններ ունեցավ, սիրվեց ու գնահատվեց, շատերի նախանձի ու ակնածանքի առարկան դարձավ..ու նորովի արժևորվեց սեպտեմբերի մեկը, ու ամեն անգամ սկսեց նոր հույզերով ու սպասելիքներով դիմավորել այն..
Անցավ ևս չորս տարի.. ու էլի սեպտեմբերի մեկ. Այս անգամ որպես մագիստրանտ կանգնել էր հարյուրավոր առաջին կուրսեցիներ առջև` շատ լավ հասկանալով վերջիններիս շփոթվածությունն ու հետաքրքրվածությունը, ու փորձում էր նրանց խրախուսել` լինել համարձակ ու նախաձեռնող, իսկ ամենահուզիչ պահն այն էր, որ նորեկներին էր հանձնում գիտության ոսկե բանալին` հորդորելով արժանի լինել նրան:
Եվ վերջապես վերջին սեպտեմբերի մեկը. Էլի գլխավոր դերում, էլի ելույթ /և ինչո՞ւ էր ամեն անգամ ինքը խոսում, մի՞թե ուրիշ մարդ չկար/. Մի երկու խոսք բուհի մասին, իսկ ամենաշատը ուսանող լինելու մասին: Նա լրիվ իրեն իրավունք վերապահեց հազարավոր ուսանողների առջև դատողություններ անել, թե ով է իսկական ուսանոողը, արդյո՞ք նա, ով օրերով գիրք է <կրծում>, թե նա, ով բարձր առաջադիմության հետ կամավոր հասարակական գործունեություն է ծավալում` փորձելով դրականորեն փոխել միջավայրը, բուհը, համայնքը, երկիրը: …Ու դա վերջին սեպտեմբերի մեկն էր, որ նրա համար ազդարարում էր ուսումնական տարվա սկիզբը:
Այսօր նորից սեպտեմբերի մեկն է: Ի տարբերություն նախորդ տասնվեց տարիների` ուսումնական հաստատություններում այսօր նա չէ օրվա հերոսը, այսօրը նրա համար ոչ մի խորհուրդ չունեցող սովորական աշխատանքային օր է: Նույնիսկ ժամանակ չունեցավ դպրոց կամ բուհ գնալու…


Հ. Գ.

Комментарии