
Այսօր Վանաձոր Երիտասարդական Բանկի անդամների նախաձեռնությամբ կազմակերպվել էր այցելություն Վանաձորի Տարեցների տուն:
Այցելության նպատակն էր Ամանորի շեմին գոնե կարճ ժամանակով փոխել ծերերի միապաղաղ առօրյան և նրանց ժպիտներ և ուրախություն պարգևել:

Նախապես ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ երիտասարդներին միացան նաև Վանաձորի Գեղագիտական կենտրոնի պարային խմբի սաները, պարուսույց` Կլարա Մկրտչյան, սբ Աստվածածին եկեղեկու <<Սուրբ Տիրամայր>> մանկական երգչախումբը, ղեկավար` Սերգեյ Հարությունյան, ինչպես նաև թիվ տասնմեկ դպրոցի աշակերտուհի Միլենա Սարգսյանը: Վերջիններս իրենց կատարումներով` երգ ու պարով, ուրախացրին տարեցներին` հնարավորություն տալով կտրվել առօրյա ծանր մտորումներից ու միապաղաղությունից: Երիտասարդները շփվեցին տարեցների հետ, հետաքրքրվեցին նրանց առօրյայով ու ապրելակերպով: Նրանց խոսքերով` ծերանոցում ժամանակն անցնում է շատ դանդաղ ու միօրինակ. հեռուստացույց են դիտում, նարդի խաղում, տատիկներից ոմանք զբաղվում են շյուղագործությամբ...<<...ու այսպես օրեր ենք մթնեցնում>>:

Հետաքրքիր մարդիկ են ծերատան բնակիչները, ամեն մեկն իր պատմությունն ունի, ամեն մեկն առանձնանում է իր բնավորությամբ ու կենսափորձով: Վանիկ պապիկը քայլում էր հանգած ծխախոտը ձեռքին: Երբ ընկերները հարցրին, թե ինչու է այդպես քայլում, ավելի լավ է դուրս գա ծխի ու վերադառնա, նա պատասխանեց. <<Բալեքից մեկն ասեց` ծխելը վնասակար է,- մի քիչ մնալուց հետո ավելացրեց,- բայց արդեն շատ ուշա, ջահել վախտս պիտի գլխի գցող լիներ>>:
<<Սուրբ Տիրամայր>> երգչախմբի խմբավար Սերգեյ Հարությունյանը, կարևորելով Երիտասարդական Բանկի նախաձեռնությունը, նշեց, որ իրենք առանց վայրկյան անգամ մտածելու որոշեցին միանալ.<< Այս ամենը բարի առաքելություն է մեզ համար: Երգչախումբը 10 տարի է կա, բազմաթիվ միջոցառումների ենք մասնակել, ծերատուն եւս մինչ այս եկել էինք: Իմ ստեղծած ծրագիրը միայն հայկական է, որպեսզի հայ ժողովուրդն իմանա, որ հայկական երաժշտության սկիզբը հենց հոգեւորն է եղել>>:

Տարեցները ոգևորությամբ դիտում էին կատարումները, ծափահարում, իսկ երբեմն էլ ձայնակցում: Վանաձոր Երիտասարդական Բանկի անդամ Թեհմինա Վարդումյանը այսպես է կիսում իր տպավորությունը. <<Հոգեկան մեծ բավարարվածություն եմ զգում, գիտեմ, որ բարի գործ եմ արել, մանավանդ Նոր տարվա նախօրյակին, երբ բոլորս անդադար շնորհավորանքներ ենք ստանում, իսկ այս մարդիկ իսկապես ունեն այդ ջերմության կարիքը>>:

Վերջում տարեցները օգտվեցին Երիտասարդական Բանկի պատրաստած համեստ հյուրասիրությունից: Նրանք ուրախ էին հյուրերի համար ու չէին թաքցնում իրենց անկեղծ ուրախությունը, անընդհատ բարեմաղթանքներ ու օրհնանքներ էին ասում երիտասարդներին, վերջիններս ևս ուրախ էին, որ կարողացել էին ժպիտ պարգևել: Միջոցառման ավարտին, ծերերը միանալով երիտասարդներին, պարեցին ուրախ հայկական երաժշտության ներքո:
Комментарии
Отправить комментарий