Ո՞րն էր «տեղեկատվական աղբը» տարածող կայքը

Վերնագրից պարզ էր դառնում, որ դպրոցական արձակուրդները
երկարաձգվել են, իսկ ահա նյութում հղում անելով ՀՀ Կառավարության նիստում նախարարի
զեկուցմանն ասվում էր, որ դրա պատճառը սուր շնչառական հիվանդությունների տարածված լինելն
ու հոսպիտալացված քաղաքացիների մեծ քանակն է։
Այս նյութը տարածում էին գրեթե բոլորը, թե՛ աշակերտները,
թե՛ ուսուցիչները, թե՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սակայն
նյութը տարածողներից և ոչ մեկն ուշադրություն չէին դարձրել այն կայքին, որտեղ հրապարակվել
էր այս նյութը։
www.imhayastan.pro, ահա այն կայքը, որտեղ հրապարակվել է այդ նյութը։
Փորձենք ուսումնասիրել հոդվածն ու կայքը և գտնել «տարօրինակ»
տեղեկությունները։
Եվ այսպես․
Հոդվածը հրապարակվել է հունվարի 04-ին և դրանում
հղում է արվում Կառավարության նիստին, որտեղ և ըստ հոդվածի զեկուցվել է դրա մասին,
սակայն ուսումնասիրելով ՀՀ Կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակը՝ www.e-gov.am կայքը պարզ է դառնում, որ Կառավարության վերջին
նիստը տեղի ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին և նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցերից և ոչ մեկը չեն առընչվում
այս թեմային։
Շարունակելով ստուգել հոդվածում առկա տեղեկատվությունները
դրանց փորձում ենք փնտրել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում, որտեղ սակայն թեմային
առընչվող միակ նյութը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին «Ձմեռային արձակուրդը
կմեկնարկի դեկտեմբերի 24-ից» վերնագրով և դրանում ասվում է, որ 3-12-րդ դասարանների
աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև
2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը
կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ.հունվարի 20-ը ներառյալ:
Անդրադառնալով կայքին, որտեղ հրապարակվել է այս «հոդվածը», առաջին բանը, որ նկատելի է դա կայքի անունն է՝ «Իմ Հայաստան», սակայն տարօրինակ է, որ կայքի անվանումը լատինատառ է գրված նաև գլխագրում։


Ուշադրություն դարձնենք նաև կայքի դոմենին՝
«․pro», փորձենք ստուգել
նաև դոմենը։
Որոնում կատարելով www.registry.pro կայքում պարզ է դառնում, որ imhayastan.pro կայքը հարթակում գրանցվել է 2018 թվականի հոկտեմբերի 04-ին։

Անդրադառնալով հոդվածին հարկ է նշել, որ դրա
վերաբերյալ փաստերի ստուգում է կատարել Վանաձոր ԻնֆուՏունը և այն հասանելի է ինֆոտան
բլոգում։

Այս «տեղեկատվական աղբն»՝ ինչպես անվանեց սրան ԿԳ նախարարի պաշտոնակատար Հարությունյանը կարևոր վարժանք ու ապացույց էր այն բանի, որ մեր հասարակությունը՝ հատկապես նրանք, ովքեր զբաղվում են դեռահասների, պատանիների ու երիտասարդների կրթությամբ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրերում չունեն մինիմալ մեդիագրագիտություն, ինչն էլ ի ցույց դրվեց նրանց կողմից այս կեղծ լուրն արագորեն տարածելով։
Комментарии
Отправить комментарий