ՄԵՐՕՐՅԱ ԳԻՔՈՐԸ: Վանաձորցի դպրոցականն առաջին մրցանակակիր
Վերջերս Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված <<ինանսական ծառայություններ. ինչ գիտեմ դրանց մասին>> շարադրության մրցույթում մեր համաքաղաքացի, Վանաձոր Ինֆոտան անդամ Արգիշտի Զուրաբյանը զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը:
Ներկայացնում ենք լավագույնը ճանաչված շարադրությունը.
Ֆինանսական ծառայություններ. ինչ գիտեմ դրանց մասին
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանել քաղաք՝մի գործի տալ, որ մարդ դառնա, աշխատանք ունենա ու իր տունը շենացնի:
Չնայած կնոջ անհամաձայնությանը, սոցիալական վիճակն այնքան էր բարդացել, որ որոշված էր Գիքորին տանել Թիֆլիս:
Բացվեց օրը Լոռվա Դսեղում և Գիքորը բարևն ասելուն պես մի միտք հայտնեց հորը.
- Ապի’ , իսկ եթե Վանաձոր մեկնե՞մ ու էնտեղ մի գործ անեմ, ոչ թէ Թիֆլիս, ի՞նչ կլի որ: Իմ աշխատածի օգուտն էլ մեր երկրումը կլի, խի՞ վրացու երկիրը շենանցնենք որ:
- Ա՛յ տղա, Գիքո՛ր, բայց խելոք բան ես ասում, գիտե՞ս, ե’կ մի փորձենք:
Եվ այսպես, եկան Վանաձոր: Ավտոկայանից հրապարակ բարձրանալիս, շենքի տակ մի սարք տեսան, մեկն եկավ, ինչ որ բան արեց և գումարն ահա` իրեն-իրեն դուրս եկավ այդ սարքից:
- Ապի՛ , ապի՛, տես էս ինչ լավ բան ա: Հորոխպեր ջան, չե՞ս ասի, թե էդ փողը ոնց հանեցիր:
- Շատ սովորական: Ահա իմ ARCA քարտը, տեղադրեցի բանկոմատի մեջ, հավաքեցի իմ գաղտնաբառը, նշեցի իմ ցանկալի գումարի չափը և ստացա:
- Վա~ , ինչ լավ ա: Դրա մեջ ինչքա՞ն փող կա:
- Ինչի՞ մեջ, բանկոմատի, թե՞ քարտի:
- Ըըըը՜… բանկոմատի …ու քարտի…
- Դե, բանկոմատի մեջ շա՜տ-շատ գումար կա, այն ամեն օր լիցքավորվում է աշխատակիցների կողմից: Իսկ իմ քարտի մեջ էլ՝ անկեղծ ասած, դա իմ անձնական գումարն է, չեմ կարող քեզ ասել: Քարտի վրա են փոխանցում իմ ամենամսյա աշխատավարձը, ես օգտագործում եմ այնքան, որքան ինձ պետք է:
- Հա, դե պարզ ա, էլի, Գիքոր ջան, - միջամտեց Համբոն, ասես շատ բան է հասկացել, - բա կարո՞ղ ա էս մարդն իրա աշխատածը մի օրումը ծախսի…
- Ճիշտ եք, - պատասխանեց համբերատար անցորդը, -երբեմն այդպես էլ է լինում: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ աշխատավարձիցս ավելին եմ ծախսել:
-Ա՛յ, էդ մեկը չեղավ, ախպեր ջան,- ժպտալով ընդհատեց Համբոն, - ո՞նց կարող ես աշխատավարձիցդ ավելին ծախսել: Մեզ գյուղացու տեղ ես դրել, սրամտում ե՞ս:
- Չէ, ինչու՞: Ճիշտն եմ ասում:
- Ուզում ես ասել 100 մանեթ ստացել ես, 150 ծախսե՞լ, ոնց կլի տենց:
- Այո, վարկային գիծ ունեմ:
- Ինչ ունե՞ս:
Մինչ Համբոն զրուցում էր քաղաքացու հետ, Գիքորը շենքի նորաձևությունից ու գեղեցիկ ճարտարապետությունից հիացած` ներս էր մտել, ինչքան տեղեկատվական թերթիկ էր տեսել՝ վերցրել էր ու կարդացել:
Դեռ ավելին, բանկի աշխատողն այնքան բարի գտնվեց, որ Գիքորին անհասկանալի ամեն բան բացատրեց: Ահա և հասավ այն պահը, երբ Գիքորը կրկին փող ուզեց և կրկին մեժվեց:
- Ո՛չ, Գիքո՛ր ջան, անչափահասների հետ գործարք չենք կարող կատարել, և ոչ էլ վարկ տրամադրել: Քո ծնողներին ներկայացրու, թող նրանցից մեկը գա, ծանոթանա մեր պայմաններին և եթե ինքն էլ հավանություն տա, խնդրեմ, համեցե՛ք:
- Ապի՛, ապի՛, - դուրս թռավ բանկից Գիքորը,- ապի՛, վարկ ենք վերցնում, լավ բան եմ մտածել, ապի՛: Մեր Ծաղիկ կովիցն 2 հատ էլ ենք առնում, որ ավելի շատ կաթ ունանաք: Կաթը` կաթ կծախենք, պանիրը`պանիր, ռաժանն ու կարագն էլ` վրադիր:
- Ի՞նչ, ի՞նչ ես ասում, ա՛յ որդի, մեզ փող ո՞րտեղից:
- Ի՞նչ է ապի, չե՞ս ուզում մեր Ծաղիկի կողքին Նարգիզ ու Իմբիր կով էլ լինի: Էդ հո մեզ կօգնի:
-Կօգնի, բայց ո՞նց:
-Ապի ջան, հիմա դրան բիզնես են ասում, մենք մեր կովերը կշատացնենք բիզնես վարկի միջոցով: Ճիշտ է, տոկոս ենք տալու, այսինքն` մի քիչ մեր աշխատածիցն էլ էս մարդկանց ենք տալու: Դե հիմի, ապի ջան, մեր հարևան Սաքոյիցը որ պարտքով փող առնենք, կարո՞ղ ա մի-երկու շնորհքով լավություն չանենք:
- Հա, ո՞նց չենք անի, բայց Սաքոն տվողը չի:
- Իսկ այ էս բանկը տալիս է:
- Բանկը ո՞վ ա:
- Բանկը ով չի, ապի, բանկը կառույց է, որ աջակցում է իմ ու քո նման մարդկանց:
- է՜, դրանք իմ ու քո նման ռանչպար մարդկանց համար չեն, Գիքո՛ր ջան: Իզուր մի ուրախացի՛ր: Ես լսել եմ, լավ էլ տեղյակ եմ, մենակ հարուստների փայն ա էդ…
- Ապի՛, ես արդեն հարցրել եմ ու ամեն բան ճշտել եմ: Լինող բան է, ապի՛:
…Անցան տարիներ: Գիքորի փոխարեն մեր պատմության մեջ Համբոն մահացավ: Իսկ Գիքորը, որպես արժանապատիվ ժառանգորդ, բոլոր վարկերը անձամբ փակեց: Նա մեծ ֆերմայի ու բիզնեսի տեր էր այլևս, բայց չէր դադարում բանկից օգտվելուց:
Ու մտածում էր մի օր ինքն իր մեջ.
_Առաջին անգամ ինձ թվաց, թե բանկը սկսնակ գործարարի համար է. այսինքն՝ մանր բիզնեսի, հետո ինձ թվաց, թե միջին բիզնեսի իսկական ընկերն է, հիմա մի պահ թվում է, թե միայն մեծ գործակալներն են օգտվում: Բայց ահա կանգնած եմ բանկում ու տեսնում եմ, որ բոլորովին տարբեր խավի մարդիկ միաժամանակ օգտվում են բանկից:
Այսօր բանկը դարձել է մեր առօրյա ֆինանսական միջոցների բաշխման ու ձեռբերումների անբաժանելի մասը: Մեկը կոմունալ վճարներն է անում, մյուսը արտերկրից գումար ստանում, մի ուրիշն էլ մեքենա գնում, կամ շինություն կառուցում: Բանկը Ֆինանսական առաջին աջակիցն է այսօր:
Բայց... այս ի՞նչ աղմուկ է, - հանկարծ լսեց Գիքորը, - ի՞նչ են կռվում, նեղանում... բանկի հետ էլ ե՞ն վիճում:
- Հիմա ո՞նց է լինելու տեսնես, նրանցից մեկը հաստատ սխալ է, -անկախ իրենից բարձրաձայն հարցրեց Գիքորը:
-Կդիմեն Ֆինանսական հաշտարարի գրասենյակ: Նրանք էլ կլուծեն անաչառ կերպով,- այդ պահին հարցը որսաց և պատասխանեց այն նույն անցորդը, որ տարիներ առաջ քարտը մտցրեց բանկոմատի մեջ, գումար ստացավ ու Գիքորի ու Համբոյի ճակատագիրը հիմնովին փոխեց:
Комментарии
Отправить комментарий