Վանաձորը շուտով կունենա խոսուն պատեր
«Խոսուն պատեր» նախագիծը հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում: Մի խումբ ակտիվ երիտասարդներ առաջիկայում հանդես կգան նմանը չունեցող մի նախաձեռնությամբ, որը թերևս Վանաձորի համար նորություն է ու գովեստի արժանի աշխատանք: Նախագիծը կոչվում է «Խոսուն պատեր»:
Նախաձեռնության մասնակիցները պատմեցին, որ «Խոսուն պատեր»ը արդեն 1 տարվա գաղափար է, որը առաջացել էր դեռ անցած տարվա փետրվարին. «Ընկերներով խոսում էինք ժամանակակից արվեստից: Այդ ժամանակ հասկացանք որ Հայաստանը ևս հետ չի մնում դրանից, մանավանդ Street Art-ի շնորհիվ: Երևանի և Գյումրու փողոցները, շենքերը, շքամուտքերի պատերը օր օրի զարդարվում են նոր ու գեղեցիկ արվեստի գործերով: Ու այդ պահին հասկացանք, որ Վանաձորը իր «ավագ» քաղաքներից հետ է մնում, և պահում է իր գորշ, նախկին արդյունաբերական տեսքը, ինչը մեզ որպես երիտասարդ հուզեց»,-պատմում են նախաձեռնության մասնակիցները, ովքեր պատրաստվում են Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում նախնական պլանավորմամբ թվով 20 պատերի վրա ստեղծել ժամանակակից արվեստի գործեր, որոնք կներկայացնեն Լոռին ու լոռեցուն քաղաքի այցելուներին. «Պատրաստվում ենք պատկերել տեսարաններ և դիմանկարներ, լոռվա բնաշխարհից, քաղաքային հետաքրքիր տեսարաններ և հայտնի լոռեցիներ»: Ինչպես արդեն նշվեց, նախագիծն իրականացվելու է տարբեր հասարակական կազմակերպություններից ու երիտասարդական նախաձեռնությունների անդամների կողմից, ովքեր մտահոգ են քաղաքի խնդիրներով, և ովքեր համախմբվելով այս գաղափարի շուրջ, ստեղծել են «ՄԵՆՔ» երիտասարդական նախաձեռնությունը: Պատերի նկարազարդման աշխատանքները հավանաբար կսկսվեն փետրվարի երկրորդ կեսից հետո՝ կախված եղանակայաին պայմաններից:
ՀաՄաՏեղ ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:
Комментарии
Отправить комментарий