ԹԻՄ-ՏԻ՞Մ

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ...
Հովհ. Թումանյան

Լոռու ձորը գիտի յուրաքանչյուր հայ, իսկ Լոռվա բերդը՝ ոչ բոլորը: Սակայն այն գնալով ավելի հայտնի է դառնում. Լոռի Բերդ համայնքի արգելոց-թանգարանը՝ Լոռե բերդաքաղաքը, տարեկան շուրջ 12000 զբոսաշրջիկ է այցելում: Այդուհանդերձ մեր փոքրիկ գյուղը, չկարողանալով օգտագործել այդ ռեսուրսը, ապրում էր պասիվ կենսակերպով, մինչև...
Մեր նախաձեռնող խումբն իր առջև խնդիր դրեց.նպաստել գյուղի՝մասնավորապես երիտասարդության, ակտիվացմանը: Ստեղծեցինք Համայնքային Երիտասարդական Ժողով (ՀԵԺ)՝ ՏԻՄ-ի հետ սերտ համագործակցությամբ: Անվանում ենք մեր մեթոդը ԹԻՄ-ՏԻՄ:
Համայնքի երիտասարդների մի մասը, դառնալով ուսանող, չէին ցանկանում վերադառնալ գյուղ. ասում են, չկան ժամանցային վայրեր, աշխատատեղեր: Գյուղը մատնվում էր «ծերացման»:
Սակայն այս նախագծի շնորհիվ կարծես հեղաշրջում կատարվեց: Մի խումբ երիտասարդներ, որոնք աչքի էին ընկնում իրենց ակտիվությամբ և կազմակերպչական ունակություններով, նախաձեռնեցին կազմավորել ՀԵԺ-ը, որի կազմի մեջ պիտի մտնեին այն երիտասարդները, որոնք, ըստ համագյուղացիների կարծիքի, համայնքում կարող էին ակտիվություն մտցնել, փոխել համայնքի առօրյան:
Այս նախաձեռնության կողքին կանգնեցին շատերը, այդ թվում ՀԿ Կենտրոնն իր ՀամաՏեղ ծրագրով, Լոռի Բերդի համայնքապետարանը, դպրոցի տնօրինությունը, «Արգինա» մշակութային ՀԿ-ն և այլոք:

Նախաձեռնության մեկնարկը ընտրությունների կազմակերպումն էր, որն էլ հենց առաջին խոչընդոտը հանդիսացավ: Շատ տարեցներ  վարանում էին մասնակցել ընտրությանը, պատճառաբանելով, որ չեն ցանկանում «խառնվել քաղաքականությանը» և գյուղի գործերին: Բայց մեր երիտասարդների մանրամասն բացատրությունների շնորհիվ դժգոհությունը վերածվեց ուրախության, բոլորը ցանկացան իրենց մերձավոր երիտասարդին տեսնել այդ ակտիվ նախաձեռնության առաջնորդի դերում: Տղաներն ու աղջիկներն այցելում էին գյուղի տները  և առաջարկում  լրացնել ընտրաթերթիկները: Այդ «ընտրությունների» արդյունքում էլ ձևավորվեց ՀԵԺ-ը: Որ ընտրությունները ստացվեցին՝ արդեն մեծ քայլ էր, որին  հենց իրենք, երիտասարդները չէին սպասում:
Ապա ՀԵԺ-ի համար շուրջմեկ ամիս անցկացվեց դասընթաց, որը ոչ միայն  երիտասարդներին գիտելիք տվեց, այլև նրանց մեջ ձևավորեց համախմբման և միասնության գաղափարի կարևորությունը, կոտրեց բազմաթիվ կարծրատիպեր, որոնք խոչընդոտում էին պատանիների և երիտասարդների ինքնահաստատմանը: ՀԵԺ-ը սկսեց մտածել իր հետագա գործունեության և առաջընթացի մասին: Կազմեց գործունեության եռամյա ռազմավարական պլան: Դա մեծ հավելյալ լիցք հաղորդեց համայնքապետարանին, որը գնահատեց գյուղում բողբոջող ավյունն ու եռանդը:
ՀԵԺ-ը կայացավ: «Արգինա» մշակութային ՀԿ-ն տրամադրեց գործունեության տարածք, համայնքապետարանը պատրաստակամություն հայտնեց, որ որևէ նախաձեռնության դեպքում փոքր գումարային աջակցություն կցուցաբերի: «Սակայն մենք արդեն նախաձեռնել ենք դրամահավաք կազմակերպել և զուգահեռաբար կուտակել սեփական միջոցներ»,- ասում է Անահիտ Շահինյանը, որն աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լոռի Բերդի հիմնական դպրոցում և ՀԵԺ-ի ամենաակտիվ մասնակիցներից է:
ՀԵԺ-ի շնորհալի երիտասարդները զատկի տոնի առիթով ձեռքի աշխատանքներ են պատրաստում՝ թելերից և ուլունքներից՝ փոքրիկ զատիկներ, ցորենի ..., փայտե նախշազարդ ձվեր, որպեսզի վաճառեն Լոռե բերդաքաղաք այցելած զբոսաշրջիկներին: Իսկ ամռանը նախատեսում են զոսաշրջիկներին առաջարկել մի շարք ծառայություններ.
  • բնական հյութերի, թեյերի, հատապտղային մածունի հյուրասիրություն,
  • տարազներով եռալեզու էքսկուրսիաների վարում,
  • ձիերով զբոսանք բերդաքաղաքի տարածքում ...

Դա կհրապուրի զբոսաշրջիկներին և կավելացնի նրանց հոսքը, շահույթ բերելով ՀԵԺ-ին և համայնքին՝ակտիվացնելով գյուղի կյանքը:

<<Գտի՛ր նպատակ, և ռեսուրսները կգտնվեն>>
ՀԵժ- ի անդամները որոշել են զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ: Նրանք այդ ճանապարհի մեջ են տեսնում գյուղի զարգացումը, իսկ համապետական համայնքային խոշորացման գործընթացում դա համագործակցային միջավայր ստեղծելու և հանդուրժողականություն սերմանելու հզոր տնտեսական և քաղաքական գործիք կդառնա:

«Սոցիալական ձեռնարկատիրությունը կօգնի միավորել տուրիզմը, օրգանական գյուղատնտեսությունը և միջհամայնքային համագործակցությունը», ասում է ՀԵԺ-ի ջատագով Գայանե Բալայանը:
Հաջողությու՛ն ՀԵԺ-ին, սպասենք ամռանը՝ տեսնենք ինչպես զարգացավ համայնքը:
Այցելե՛ք Լոռե, ինքներդ  ճաշակե՛ք  ՀԵԺ-ի  ստեղծած բարիքները:


Նախաձեռնությունը  հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում, որն իրականացվում է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով:

Комментарии