Երբ խոսում են պատերը…

«Մենք» նախաձեռնությունը «Խոսուն պատեր» ծրագիրը մտահղացել էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն կազմակերպիչներին հաջողությունը ժպտաց միայն 2017թ հունվարին, երբ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն համայնքային նախաձեռնությունների մրցույթ հայտարարեց ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում:
Ծրագրով, ի սկզբանե, միտում ունեինք Վանաձորին և մեր համաքաղաքացիներին ներկայացնել ժամանակակից արվեստի ճյուղերից մեկը՝ Street Art-ը, որը մեր քաղաքում փորձեցինք զարգացնել երկու ուղղությամբ` ՏԻՄ ոլորտին առնչվող կոչ-գրություններ և պատկերներ: Թերևս հարցնեք. «Իսկ ինչո՞ւ երկու ուղղություն»:
Նախ`ՏԻՄ-ոլորտին առնչվող յուրաքանչյուր հարց սուր արձագանք է գտնում Վանաձորում, իսկ մշակութային ոլորտի հետ համադրումը հնարավորություն էր ընձեռնում լուծել վերոնշյալ խնդիրը: Երկրորդ` այս համադրումը հնարավոր էր դարձնում նաև համագործակցությունը ՏԻՄ-ի հետ, որը ՀաՄաՏեղ-ի առանցքային սկզբունքներից էր:
Այսպիսով ունեցանք մեկ ծրագիր` երկու ուղղություն, որոնցից յուրաքանչյուրով քայլ առ քայլ լուծում էինք մեր առջև դրված խնդիրները:
«Գաղափարի մեխը» կամ ինչպես հանրությանն է հայտնի ՏԻՄ-ի վերաբերյալ կոչ-գրությունները ունեն հետևյալ նպատակը`
üբարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը` ապահովելով անհրաժեշտ և կարևոր տեղեկություն,
ü մարդկանց դարձնել պահանջատեր,
üնպաստել հանրային մասնակցության բարձրացմանը տեղական ինքնակառավարմանը:
Մեկնարկային շրջանում կարծիքները շատ հակակսական էին: Մարդիկ չէին հասկանում` ինչ ենք անում: Լսում էինք տարբեր մեկնաբանություններ, ինչպես` «Ի՞նչ են անում», «Էս ովքե ՞ ր են », « Այդ պատերն ափսոս չե՞ն», «Էս ջահելները էլի պատերն են փչացնում», «Երևի ընտրությունների համար է...» և այլն:
«Խոսուն պատեր» նախագծի երկրորդ` պատկերային փուլում, պատերին նկարում էինք Լոռու
մարզի ականավոր գործիչներին, տեսարժան վայրերն ու կոլորիտը ներկայացնող պատկերներ՝ խթանելով քաղաքի մշակութային դիմագծի ձևավորմանը: Այս դեպքում նույնպես արձագանքները տարբեր էին: Երբ նկարում էինք Մեծ Լոռեցու դիմապատկերը, և թույլտվություն խնդրեցինք մասնավոր շինության տիրոջից, լսեցինք հետևյալը. «Հա՛, բա իհարկե: Թումանյանը մեր պապն է, շատ բան է արել, արժանի է, նկարեք էրեխեք ջան: Լավ բան եք անում»:Ստեփան Զորյանի դիմանկարը նկարելու ժամանակ երկրորդ հարկի պատուհանից նայեց մի կին, ով, չկարողանալով տեսնել, թե ինչ է կատարվում, ասաց. «Ի՞նչ եք անում: Պատի վրա եք նկարո՞ւմ: Հարցրե՞լ եք  տան տիրոջը: Բավ է էլի պատգամավորներին  անմահացնեք մեր պատերին: Կարելի է իմանալ  ու՞մ  եք նկարում»:
Ծրագրի ժամկետները սուղ էին, եղանակային պայմանները` ի վնաս մեզ: Մեզ աջակցող նկարիչներ Սենիկ Մանուկյանից և Համլետ Հակոբյանից բացի մեզ անհրաժեշտ էին նոր նկարիչներ:  Ստիպված  սկսեցինք մեր ֆեյսբուքյան էջում տարածել «Փնտրում ենք նկարիչներ» խորագրով հայտարարություն: «Հաջողության» հեռախոսազանգը շատ չուշացավ: Այն մայրաքաղաքից էր` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ)  ուսխորհրդից: Պարզվեց մայրաքաղաքից էլ հետևողներ ունենք:  Ավելին, նրանք պատրաստ էին աջակցել մեզ և սեփական ներդրումն ունենալ ծրագրում: Պայմանավորվեցինք: ՃՇՀԱՀ ուսանողները ժամանեցին Վանաձոր, և մեկ օրվա ընթացքում զուգահեռաբար  ստեղծվեց ևս 7 «խոսուն պատ»:


Ծրագրի վերաբերյալ արձագանքներն աննախադեպ ու անսպասելի էր ողջ թիմի համար:
Իրականացման ընթացքում`
ü  մեզ են դիմել երիտասարդներ՝ կամավորության իրենց ներդրումն ունենալու առաջարկով:
ü  ստացել ենք ֆինանսական և այլ տիպի աջակցության առաջարկներ:
ü  մարդիկ մոտեցել և առաջարկել են իրենց ֆինանսավորմամբ պատկերներ ստեղծել նաև իրենց մասնավոր կառույցների պատերին:
ü  ՎՊՀ-ն առաջարկել է նկարազարդումներ իրականացնել բուհի ներքին  պարսպի վրա` իրենց իսկ ֆինանսավորմամբ:
Ցանկանալով իմանալ մարդկանց կարծիքների մասին` ծրագրի ավարտին անց կացրեցինք հարցում: Ստացված կարծիքները ներկայացնում ենք ստորև`
  •  ՏԻՄ գրությունների շնորհիվ դարձել եմ ոլորտին ավելի տեղեկացված:
  • Առաջին անգամ այցելելով Վանաձոր` նորովի ճանաչեցի Լոռին ու լոռեցի հայտնիներին:
  • Ես զգացի ինձ հասարակության մի մասնիկ, չնայած լրիվ այլ ոլորտում եմ աշխատում:
  • Ճանաչեցի Վանաձորի ճարտարապետներին:
  • Նախագիծն իմ մեջ արթնացրեց իրավատեր քաղաքացուն:
  • Նախագիծը «ստիպելով» սովորեցնում է իմ ու ՏԻՄ-ի իրավունքներն ու պարտականությունները:
  •  Դրսից եկողին ցույց տալու ավելի շատ բան կլինի:
  • Կրեատիվ մոտեցում է:
  • Առաջին` գեղարվեստական առումով շատ հաճելի էր, երկրորդ` տրվեց հնարավորություն ճանաչել շատ մեծերի, որոնց մասին շատ անգամ չենք էլ լսում:
  • Ըստ իս՝ սա շատ լավ նախագիծ է, քանի որ ձանձրալի էր տեսնել պատեր, որոնց վրա միայն հայտարարություններ կան, իսկ հիմա կարելի է ժամերով ուսումնասիրել դրանք:
  • Նկարները շատ փոքր են և գորշ: Կնախընտրեի, որ քանակի վրա կենտրոնանալու փոխարեն, նկարեին ավելի մեծ և գունեղ նկարներ:
  • Դրական կողմը այն է, որ Վանաձորի երիտասարդության շրջանում ստեղծեց անախադեպ ակտիվություն:

«Խոսուն պատեր» ծրագիրն այլևս իրականություն է: Այն հնարավոր դարձավ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետական» խմբակցությունների, Վանաձորի գլխավոր ճարտարապետ պարոն Աբովյանի ֆինանսավորմամբ և  «Մենք» ՀԿ-ի աջակցությամբ, ինչպես նաև կազպակերպիչների ու կամավորների համատեղ ջանքերի շնորհիվ:

Չնայած նրան, որ «Խոսուն պատեր» ծրագիրը որպես այդպիսին արդեն ամփոփվում է, մեր թիմը դեռ ունի մտքեր, ունենք նաև ծրագրին շարունակականություն տվող նոր առաջարկություններ: Այսպիսով, սա ավարտ չէ, այլ մի նոր սկիզբ: Իսկ մեզ շարունակեք փնտրել վանաձորյան փողոցներում: 

Комментарии